Տարվա ծրագրեր

լուսանկարը՝ Արթ Սայմոնի
Հայկական ակնաբուժության նախագիծն (այսուհետ՝ ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում:  Այդ նպատակով իրենց փորձը փոխանցելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ ԱՄՆ-ից Հայաստան են այցելել բազմաթիվ բարձրակարգ ակնաբույժներ:

Բազմաթիվ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են բերվել թանկարժեք ակնաբուժական պարագաներ, սարքավորումներ և դեղորայք:

ՀԱՆ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ և արտերկրի կառավարությունների, պետական և տեղական իշխանությունների, ակնաբուժական և բժշկական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների, անհատների, Սփյուռքի, միջազգային զարգացման գործակալությունների և կորպորատիվ գործընկերների հետ:

Ներկայումս ՀԱՆ-ն իրականացնում է մեծածավալ և փոխկապակցված ծրագրեր, որոնք ունեն իրենց յուրահատուկ թիրախավորված շահառուները: Բոլոր ծրագրերը կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասխան: ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը միշտ կարևոր է և ոգևորիչ:



1. «Լույս հայի աչքերին»՝ սկսած 2003 թ. առ այսօր

Հայաստանում հիմնվելով 2003 թ. որպես «Հայկական ականբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամ»՝ ՀԱՆ-ն առ այսօր իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը հզորացնելուն, ինչպես նաև կուրության կանխարգելմանը  Հայաստանում: Հիմնական ֆինանսավորումը ստանալով Հայկական Սփյուռքից՝ ծրագիրը 2004-2011 թթ. ընդլայնվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ՝  «Համաշխարհային զարգացման ալիանս» ծրագրի շրջանակում (Global Development Alliance): Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի մարզերում ՀԱՆ-ի բժշկական ծառայությունների մատուցման գործում ՀԱՆ-ի գլխավոր աջակիցն է Orange Հիմնադրամը:

«Լույս հայի աչքերին» ծրագրի հիմնական ուղղություններն են` բուժօգնություն, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում, կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: ՀԱՆ-ի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար են և ուղղված են հիմնականում սոցիալապես անապահով բնակչությանը: ՀԱՆ-ի վեցերորդ բժշկական առաքելությունը ՀՀ մարզերում մեկնարկել է 2013 թ. նոյեմբերին:


լուսանկարը՝ Արթ Սայմոնի
Արդյունքներ` սկսած 2003 թ. հունիսից մինչև 2013 թ. սեպտեմբեր

  • ՀՀ ամբողջ տարածքում 333,446 մարդ ՀԱՆ-ի ակնային զննում է անցել իր կամ մոտակա համայնքում (ներառյալ 136,860 երեխա):
  • 36,651 մարդ անցել է խորացված հետազոտություն ԱՇՀ-ում:
  • 17,030 մարդ ԱՇՀ-ում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել:
  • Պատրաստվել ու անվճար տրամադրվել է 59,588  ակնոց:
  • Ստեղծվել է ՀԱՆ-ի բժշկական խմբերի կողմից զննված բնակչության տվյալների շտեմարան, որի գիտահետազոտական վերլուծությունն ու ամփոփումը հնարավորություն է տվել գնահատելու ՀՀ-ում բնակչության ակնային հիվանդությունների ու տեսողության խաթարումների տարածվածությունը:
  • Վերապատրաստվել է 1,684  բուժաշխատող, այդ թվում` ակնաբույժներ, ընտանեկան բժիշկներ և ակնաբուժական քույրեր ՀՀ մարզերից և Երևանի պոլիկլինիկաներից:
  • Կազմակերպվել է 12 միջազգային համաժողով` նվիրված տարբեր ակնային հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը:
  • Բաժանվել է 514,156 տեղեկատու գրքույկ:
  • Անցկացվել է հանրային կրթության 450 դասընթաց` 11,800 երեխաների և 900 մեծահասակների համար:
ՀԱՆ-ի գիտահետազոտական և գործնական վերլուծությունները և տվյալները փաստում են, որ 16 և ավելի տարիքի Հայաստանի մեծահասակ բնակչության 13 %  ունի կուրության տանող առնվազն մեկ հիվանդություն, իսկ 50 -ից բարձր բնակչության մոտ այդ թիվը կազմում է շուրջ 37%: Ավելին, ՀՀ մեծահասակ բնակչության 4.8% կույր է կամ ունի թույլ տեսողություն, իսկ այդ դեպքերի 51 % պատճառը կատարակտն է:

Այս իսկ պատճառով ԱՇՀ-ում իրականացվող վիրահատությունների մեծամասնությունը կատարակտի դեպքեր են: Այս վիրահատությունների շուրջ 96 տոկոսն իրականացվում է ֆակո-էմուլսիֆիկացիայի միջոցով. արհեստական ոսպնյակները տեղադրվում են դեպքերի շուրջ 98.5 տոկոսում: Կատարակտի վիրահատությունների հաջողության ցուցանիշը ԱՇՀ-ում հասնում է 85 տոկոսի, ինչը համապատասխանում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության չափանիշներին :




2. Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, 2012 – 2015  


լուսանկարը՝ Արթ Սայմոնի
Ամբողջ աշխարհում հաջողվում է փրկել ավելի շատ թվով անհաս նորածինների շնորհիվ նորածնային խնամքի նոր զարգացումների: Այնուամենայնիվ, անհաս նորածիններն ունեն առողջության հետ կապված բազմաթիվ ռիսկեր, որոնց  թվում է անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդությունը:  ԱՌ-ն խոչընդոտում է նորածինների աչքերի ակնահատակում առկա արյունատար անոթների նորմալ զարգացմանը, ստեղծելով ցանցաթաղանթի շերտազատման վտանգ, ինչի հետևանքով երեխան կարող է կուրանալ կյանքի առաջին իսկ տարվա ընթացքում:

ԱՌ խնդիրը Հայաստանում ի հայտ եկավ 2000 թթ-երին, երբ նորածնային խնամքի մասնագետները և ակնաբույժները սկսեցին հանդիպել նորանոր նման դեպքերի: Ըստ ՀԱՆ-ի փորձագետների, հայ ակնաբույժների և նեոնատոլոգների հաշվարկների՝ ամեն տարի Հայաստանում ծնված շուրջ 500-600 երեխա հայտնվում է ԱՌ ռիսկային խմբում (անկայանուն կլինիկական վիճակ, քաշը՝ 1,500 գրամից պակաս, ծնված՝ հղիության 25-30 շաբաթներում): Ըստ միջազգային չափանիշների՝ 1,250 գրամից քիչ քաշով նորածիններն արդեն իսկ ունեն ԱՌ որոշակի հավանականություն, որը հակադարձ համեմատական է նորածնի քաշին: Այսինքն՝ որքան քիչ է նորածնի քաշը, այնքան մեծ է ԱՌ հավանակությունը:


2010 թ. ՀԱՆ-ը, ՀՀ առողջապահության նախարության, ԱՄՆ ՄԶԳ, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և այլ գործընկերների հետ համատեղ, սկսեց «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը», որի շնորհիվ հետազոտվեցին և բուժվեցին բազմաթիվ երեխաներ, ովքեր այլապես չէին ունենա ժամանակին բուժվելու հնարավորություն:

ՀԱՆ-ն ստանձնեց Հայաստանի համապատասխան բուժհաստատություններին ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն տրամադրելու գործը: Ծրագիրը սկսեց գործել Երևանի բոլոր նորածնային խնամքի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Ավելի քան 2,000 երեխաներ արդեն իսկ հետազոտվել են, որոնցից  70-ն ստացել է լազերային բուժում: ԱՌ դեմ ակնային զննումներն իրականցվում են նաև Գյումրիում, աշխատանքներն ակնկալվում են նաեւ Լոռիում և Կապանում:

2012 թ. ծրագիրն իր շարունակությունը ստացավ ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ՝ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» (այսուհետ՝ ԳԿ) եռամյա ծրագրի շրջանակներում: ՀԱՆ-ը կստեղծի մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխարգելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը: Բացի ակնային հետազոտություններից և լազերային բուժումից, ԳԿ շնորհիվ Հայաստանում կիրականացվեն ԱՌ վիրահատություններ: Արդյունքում ԱՌ բուժումն ամբողջովին հնարավոր կլինի իրականացնել Հայաստանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության:

ԱՄՆ-ից անվանի ակնաբույժների շարունակական ներգրավումը ծրագրի աշխատանքներին ապահովում է ամենաբարձր մակարդակի հետազոտություններ և բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման և կանխարգելման այնպիսի մակարդակի, որպեսզի այն սահուն անցնի արդեն տարածաշրջանային մակարդակի և օգնի կանխարգել մանկական կուրությունը հարևան և տարածաշրջանի երկրներում:

Ծրագրի շրջանակում հայ վիրաբույժները արդեն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպես նաև ապահովել են անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումները և մասնագիտական համագործակցության զանազան գործիքները:

ՀԱՆ-ն աշխատում է զարգացնել և ձևավորել մասնագիտական կապեր տարածաշրջանում երկկողմամնի այցելությունների, կատարելագործամ դասընթացների, առցանց տարբեր պլատֆորմների միջոցով:Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համատեղ արդեն իսկ կազմակերպվել են առցանց վերապատրաստման դասընթացներ նեոնատալ մասնագետների և բուժքույրերի համար:

3. Առցանց վերապատրաստման պլատֆորմ առաջնային օղակի բուժաշխատողների և ակնաբույժների համար 2013 – 2014 


ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծվում է մեկ միասնական պլատֆորմի վրա հիմնված երկու առցանց գործիք, որոնք ակնաբույժների, առաջնային օղակի բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների և հետաքրքրված այլ կողմերի համար կստեղծեն առցանց վերապատրաստման նոր հնարավորություններ:

Նշված գործիքներից յուրաքանչյուրը բաղկացած է լինելու երեք բաժնից՝ 1) թվայնացված ուսումնական ձեռնարկ՝ թեմայի շուրջ ամբողջական մասնագիտական տեղեկություններ տրամադրելու համար, 2) վիդեո-դասընթացներ՝ կոնկրետ դեպքերի ներկայացման և ուսումնական ձեռնարկն ամփոփելու նպատակով, 3) առցանց թեստ՝ գիտելիքները ստուգելու համար: Ամենը հասանելի է լինելու երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

4. «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում»: Հնգամյա ծրագիր, որը նախատեսվում է սկսել 2014 թ.՝ ստեղծելով տարածաշրջանային ակնաբուժական կենտրոն Տավուշում: 


Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզերում: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին՝ հումանիտար հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաև վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով ինքնաֆինանսավորումը:

Ակնային առողջապահական համակարգի վերականգնումը ՀՀ մարզերում կիրականացվի ներգրավված գործընկերների համատեղ ջանքերով: Ակնաբուժական կենտրոնները տեղակայված կլինեն տեղական բժշկական կենտրոններում՝ ՀՀ կառավարության միջնորդությամբ: Հինգ կենտրոնների ընտրությունը պայմանավորված է լինելու տվյալ բնակավայրերում հարավորինս շատ մարդկանց ծառայություններ տրամարդրելու ներուժով, ակնաբուժական կենտրոնների բացակայությամբ և տեղի մասնագետներին վերապատրաստելու հնարավորությամբ: Ստեղծվելիք ակնաբուժական կենտրոնները կապահովեն որակյալ ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը տեղի բնակչության մեծամասնության համար:

No comments:

Post a Comment