Ամերիկյան ակնաբուժական ակադեմիայի (American Academy of Ophthalmology) տարեկան հանդիպուները ԱՄՆ-ի և միջազգային մասնագետների համար համաշխարհային մակարդակով ամենահեղինակավոր իրադրաձություններից է, որի ընթացքում մասնակիցները միմյանց ներկայացնում են ակնաբուժության գրեթե բոլոր ուղղությունների նոր զարգացումները: Այս տարի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Նյու-Օռլեան քաղաքում, նոյեմբերի 16-ից 19-ը:
Հանդիպմանը մասնակցելու էր մեկնել նաև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող, ակնային վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը:
Բժիշկ Հովսեփյանի առաջին մասնակցությունը Ակադեմիայի հավաքին՝ 2012 թ., հնարավոր դարձավ ՀԱՆ-ի և Rotary Club International կազմակերպության շնորհիվ: Այն ժամանակ բժիշկ Հովսեփյանը միջազգային հանդիսատեսին ներկայացրեց ՀԱՆ-ի գործունեությունը՝ խոսեց «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին: Նրա ելույթից հետո եղան բազմաթիվ հարցեր ակնային զննումների մեթոդների, բնակավայրերի ընտրության, սարքավորումների, ինչպես նաև ԱՇՀ-ում իրականացվող վիրահատությունների արդյունավետության, դժվարությունների և հետվիրատական ակնային խնամքի վերաբերյալ: Տեսնելով թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ Ակադեմիայի պաշտոնյաները առաջարկեցին այն կրկնակի անգամ ներկայացնել 2013 թ. հանդիպման ժամանակ:
Այս անգամ բժիշկ Հովսեփյանը ներկայացրեց ԱՇՀ աշխատանքները մասնագիտական պաստառի միջոցով , որը պատկերեց ԱՇՀ-ում իրականացված տարբեր ակնային հիվանդությունների բուժման մեթոդները և վիճակագրությունը:
Միջոցառման ժամանակ Ասատուր Հովսեփյանին միացավ նաև ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Նրանք միասին պատասխանեցին բոլոր հետաքրքրված մասնագետների հարցերին: Պաստառը գրավել էր մեծ խմբով մասնագետների և լրագրողների: Հարցերը վերաբերում էին ԱՇՀ աշխատանքների առաձնահատկություններին, հետազոտված հիվանդների միջին քանակին, իրականացվող վիրահատությունների տեսակներին, ԱՇՀ պահպանման ծախսերին, և այլն:
ԱՇՀ ներգրավմամբ՝ «Լույս հայի աչքերին» ծրագրի միջոցով 2003-2013 թթ. ժամանակահատվածում Հայաստանի մարզերում բնակչությանը բուժօգնություն տրամադրելու ընթացքում գրանցվել են հետևյալ արդյունքները.
- ՀԱՆ-ի բժշկական խմբերը հետազոտվել են ՀՀ բնակչության ավելի քան 10-ը տոկոսին. 333,446 բնակիչների, այդ թվում 136,860 երեխաների:
- 36,651 մարդ անցել է կրկնակի մանրամասն հետազոտություն ԱՇՀ-ում
- 17,030 մարդ ԱՇՀ-ում ստացել է վիրատություն և/կամ լազերային բուժում
- Դուրս է գրվել 59,588 ակնոց
ԱՇՀ-ն շարունակում է մնալ նորարարական մեթոդով աշխատող շարժական բժշկական հաստատություն, որն անգնահատելի դեր ունի ՀՀ բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու գործում: ԱՇՀ-ն կարող է իրական մոդել դառնալ այլ երկրներում կիրառություն ստանալու համար:
No comments:
Post a Comment