Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոսն էր «Ստուգ՜եք տեսողությունը»: Օրվա խորհուրդը բոլորին հիշեցնում էր պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Այս և ակնային առողջությանը վերաբերող այլ թեմաների շուրջ հոկտեմբերի 10-ին «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնում խոսեցին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի հայստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը և ՀԱՆ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի համակարգող, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Հարությունյանը : Ինչպես տեղեկացրեցին խոսնակները այս տարի տեսողության համաշխարհային օրվան էին նվիրված մի շարք միջոցառումներ:

Նույն ծրագրի շրջանակներում Տեսողության համաշխարհային օրվա առթիվ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացվել են ակնային զննումներ և աչքի խնամքի վերաբերյալ հանրային դասընթացները: Հետազոտվել է շուրջ 100 երեխա և անց է կացվել 3 դասընթաց:
Տեսողության համաշխարհային օրվան էին նվիրված նաև ակնային զննումները հաշմանդամ երեխաների համար «Նոր Աստղ» ՀԿ կենտրոնում: Հետազոտվել է 38 երեխա, որոնցից 19 ախտորոշվել է տարբեր ակնային խնդիրներով: Նրանցից 8-ն իրենց ակնային խնդիրների մասին իմացել է առաջին անգամ: Խնդիրներով երեխաները կրկնակի հետազոտում կանցնեն և կստանան ակնոցներ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում Տեսողության համաշխարհային օրը Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում անց են կացվել անհաս նորածինների ակնային զննումներ:
Չնայած իրականացված նշանակալի աշխատանքին, ակնային խնդիրները և հիվանդությունները շարունակում են լայն տարածում ունենալ Հայաստանում: Այդ խնդիրը արդիական է մասնավորապես մարզերում: Հատկապես այսօր կարևոր է նշել, որ Հայաստանում ակնաբուժության նկատմամբ համակարգային նոր մոտեցում է ձևավորում և սկսվում է ծրագրային նոր փուլ, որը ներառում է ակնային կենտրոնների ստեղծումը ՀՀ մարզերում:
«Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Հայկական ակնաբուժության նախագիծը Հայաստանում առաջինն է սկսել տոնել այս օրը՝ շուրջ տասը տարիների ընթացքում նախաձեռնելով տարբեր միջոցառումներ: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Իսկ ՀԱՆ-ն իր գործընկերների հետ համատեղ կանի հնարավորինս հատկապես անապահով և հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար », - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Տեսողության համաշխարհային օրվա առթիվ հրատարակվել է թեմատիկ պաստառ «Ստուգի՜ր տեսողությունդ» խորագրով: Գլխավոր նպատակն է մարդկանց հիշեցնել որ անհրաժեշտ է հաճախակի այցելել ակնաբույժին և ստուգել տեսողությունը: Պաստառը կտարածվի օնլայն ինչպես նաև կփակցվի Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետերում: Մտահաղացման հեղինակն է «Ավրորա Բարեալիս» բրենդինգային կազմակերպությունը:
No comments:
Post a Comment