Տարվա ծրագրեր

լուսանկարը՝ Արթ Սայմոնի
Հայկական ակնաբուժության նախագիծն (այսուհետ՝ ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում:  Այդ նպատակով իրենց փորձը փոխանցելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ ԱՄՆ-ից Հայաստան են այցելել բազմաթիվ բարձրակարգ ակնաբույժներ:

Բազմաթիվ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են բերվել թանկարժեք ակնաբուժական պարագաներ, սարքավորումներ և դեղորայք:

ՀԱՆ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ և արտերկրի կառավարությունների, պետական և տեղական իշխանությունների, ակնաբուժական և բժշկական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների, անհատների, Սփյուռքի, միջազգային զարգացման գործակալությունների և կորպորատիվ գործընկերների հետ:

Ներկայումս ՀԱՆ-ն իրականացնում է մեծածավալ և փոխկապակցված ծրագրեր, որոնք ունեն իրենց յուրահատուկ թիրախավորված շահառուները: Բոլոր ծրագրերը կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասխան: ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը միշտ կարևոր է և ոգևորիչ:



1. «Լույս հայի աչքերին»՝ սկսած 2003 թ. առ այսօր

Հայաստանում հիմնվելով 2003 թ. որպես «Հայկական ականբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամ»՝ ՀԱՆ-ն առ այսօր իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը հզորացնելուն, ինչպես նաև կուրության կանխարգելմանը  Հայաստանում: Հիմնական ֆինանսավորումը ստանալով Հայկական Սփյուռքից՝ ծրագիրը 2004-2011 թթ. ընդլայնվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ՝  «Համաշխարհային զարգացման ալիանս» ծրագրի շրջանակում (Global Development Alliance): Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի մարզերում ՀԱՆ-ի բժշկական ծառայությունների մատուցման գործում ՀԱՆ-ի գլխավոր աջակիցն է Orange Հիմնադրամը:

«Լույս հայի աչքերին» ծրագրի հիմնական ուղղություններն են` բուժօգնություն, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում, կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: ՀԱՆ-ի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար են և ուղղված են հիմնականում սոցիալապես անապահով բնակչությանը: ՀԱՆ-ի վեցերորդ բժշկական առաքելությունը ՀՀ մարզերում մեկնարկել է 2013 թ. նոյեմբերին:


լուսանկարը՝ Արթ Սայմոնի
Արդյունքներ` սկսած 2003 թ. հունիսից մինչև 2013 թ. սեպտեմբեր

  • ՀՀ ամբողջ տարածքում 333,446 մարդ ՀԱՆ-ի ակնային զննում է անցել իր կամ մոտակա համայնքում (ներառյալ 136,860 երեխա):
  • 36,651 մարդ անցել է խորացված հետազոտություն ԱՇՀ-ում:
  • 17,030 մարդ ԱՇՀ-ում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել:
  • Պատրաստվել ու անվճար տրամադրվել է 59,588  ակնոց:
  • Ստեղծվել է ՀԱՆ-ի բժշկական խմբերի կողմից զննված բնակչության տվյալների շտեմարան, որի գիտահետազոտական վերլուծությունն ու ամփոփումը հնարավորություն է տվել գնահատելու ՀՀ-ում բնակչության ակնային հիվանդությունների ու տեսողության խաթարումների տարածվածությունը:
  • Վերապատրաստվել է 1,684  բուժաշխատող, այդ թվում` ակնաբույժներ, ընտանեկան բժիշկներ և ակնաբուժական քույրեր ՀՀ մարզերից և Երևանի պոլիկլինիկաներից:
  • Կազմակերպվել է 12 միջազգային համաժողով` նվիրված տարբեր ակնային հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը:
  • Բաժանվել է 514,156 տեղեկատու գրքույկ:
  • Անցկացվել է հանրային կրթության 450 դասընթաց` 11,800 երեխաների և 900 մեծահասակների համար:
ՀԱՆ-ի գիտահետազոտական և գործնական վերլուծությունները և տվյալները փաստում են, որ 16 և ավելի տարիքի Հայաստանի մեծահասակ բնակչության 13 %  ունի կուրության տանող առնվազն մեկ հիվանդություն, իսկ 50 -ից բարձր բնակչության մոտ այդ թիվը կազմում է շուրջ 37%: Ավելին, ՀՀ մեծահասակ բնակչության 4.8% կույր է կամ ունի թույլ տեսողություն, իսկ այդ դեպքերի 51 % պատճառը կատարակտն է:

Այս իսկ պատճառով ԱՇՀ-ում իրականացվող վիրահատությունների մեծամասնությունը կատարակտի դեպքեր են: Այս վիրահատությունների շուրջ 96 տոկոսն իրականացվում է ֆակո-էմուլսիֆիկացիայի միջոցով. արհեստական ոսպնյակները տեղադրվում են դեպքերի շուրջ 98.5 տոկոսում: Կատարակտի վիրահատությունների հաջողության ցուցանիշը ԱՇՀ-ում հասնում է 85 տոկոսի, ինչը համապատասխանում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության չափանիշներին :